Հոկտեմբերի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC» լրատվական ծառայության «Hard Talk» հաղորդմանը բուռն արձագանքի արժանացավ հասարակական, քաղաքական տարբեր շրջանակների կողմից: Արձագանքների մեծ մասը հակասական բնույթ էր կրում և առավելապես ուղղված էին Զոհրաբ Մնացականյանին քննադատելուն: Հայաստանյան հասարակության մոտ կարծես թե զարմանք էր առաջացրել այն փաստը, որ «Hard Talk»-ի հաղորդավար Սթիվեն Սաքուրը քաջատեղյակ է հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններից և ավելի սթափ՝ իրականության մոտ օբյեկտիվ գնահատականներ է հնչեցնում, քան հանրային և քաղաքական իշխանության մաս կազմող մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև՝ Զոհրաբ Մնացականյանը: