Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների միացյալ ագրեսիային: 44 օր շարունակ չափազանց ծանր մարտերի ընթացքում հայ մարտիկը գործեց անօրինակ սխրանքներ, ինչը, ցավոք սրտի, բավական չեղավ, որպեսզի պատերազմն ավարտվի այնպես, ինչպես կցանկանայինք մենք: Կատարվածն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և մեր հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարենք ոչ թե մեր երազանքներն, այլ ձևավորված իրողությունները, իսկ երազանքները կարող են և պե՛տք է լինեն նպատակ, ինչին պիտի հասնենք միահամուռ լարված աշխատանքով: