ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) դիմել է միջազգային գիտական հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը և հորդորել՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունն իրենց երկրների կողմից: Շեշտելով, որ ուղերձի հիմքում ընկած են միայն հումանիստական մղումներ, ՀՀ ԳԱԱ-ն Արցախի Հանրապետության ճանաչումը դիտարկում է որպես Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրականացնումը բացառելու միակ հնարավոր միջոց: