Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից: Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել Արցախի Հանրապետության բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի մասը ժամանակավորապես պատսպարվում է ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններից: