Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականի նոյեմբերի 1-ին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով, սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ: