Դարեր շարունակ ոսոխները փորձել են ոչ միայն նվաճել մեր հողերը, այլև արմատախիլ անել մեր հոգևոր հենասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Նրանց չի բավարարել հաղթանակը ռազմի դաշտում, նրանք փորձել են ջնջել մեզ՝ որպես ազգ՝ խոցելով մեր հավատքը։ Եկեղեցու վրա հարձակվել են հեթանոս արքաները, բյուզանդացիները՝ իրենց դավանափոխ ճնշումներով, իսկ օսմանցիները՝ դաժան հալածանքներով և սրբավայրերի ոչնչացմամբ։ 1915-ին ոչնչացվեցին հազարավոր եկեղեցիներ, ուխտատեղիներ, կոտորվեցին հոգևորականներ։ Խորհրդային տարիներին եկեղեցին դուրս մղվեց հասարակական կյանքից, իսկ նրա սպասավորները՝ աքսորվեցին։