«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Էջմիածնում նախատեսում են հիմքից քանդել Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի շենքը եւ զրոյից նորը կառուցել։ Նախագիծն արդեն հաստատված է, տենդերը կայացել է, պետական գնումներին մասնակցել է 3 շինարարական ընկերություն։ Նախագծի նախնական արժեքը 2 միլիարդ 600 միլիոն դրամ է։ «Քանդելը շատ թանկ է, հատկապես՝ եթե հիմքից է արվում։ Եթե շենքը վերանորոգման դրվեր, կարելի էր շատ ավելի էժան գնով վերականգնել, անգամ կողքին նորը կառուցելն ավելի էժան կլիներ»,- մեզ ասաց շինարարական ընկերության ներկայացուցիչը՝ չթաքցնելով զարմանքը, թե մեր աղքատ պետությունն ինչու է կանգուն շենքը քանդում, որ նոր դպրոց կառուցի: Նրա համոզմամբ՝ նման որոշումը տնտեսապես շահավետ չէ, խելամիտ չէ, եւ անգամ շատ հարուստ պետություններում շենքերը նորոգում են: