«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցման» հնարավորության հետ, հայտարարեց, որ ինչպես հայերը ապրում են Վրաստանում, այնպես էլ ադրբեջանցիները կբնակվեն այստեղ՝ մեր հողում։ Կբնակվեն և վերջ։ Հայ ժողովրդին իշխանությունը հրամայում է ընդունել դա որպես փաստ։ Ադրբեջանի կողմից ներկայացվող երեք հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձը» «Արևմտյան Ադրբեջան» (ինչպես Բաքվում անվանում են Հայաստանը) Ալիևի կողմից վաղուց է բարձրաձայնվում։ Սակայն հայ հասարակության մեջ այս սպառնալիքը միշտ քիչ է քննարկվել, քանի որ չափազանց սարսափելի է նման բաների մասին մտածելը. ավելի հեշտ է պարզապես անտեսել և անվանել ֆեյք։ Թշնամական երկրի երեք հարյուր հազար ներկայացուցիչ կմտնի երկմիլիոնանոց Հայաստա՞ն: Այն էլ՝ նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական հատուկ ծառայությունների ուղեկցությա՞մբ։ Չափազանց ապոկալիպտիկ է դրան հավատալը: Սակայն, ինչպես հայտնի է, մայիսի 16-ին Ալիևն ու Փաշինյանը առանձնացան և խմեցին սուրճ։ Իսկ մայիսի 21-ին Ալիևը խստորեն հիշեցրեց գործընկերոջը, որ «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի հարցի վերաբերյալ, թե երբ և ինչ պայմաններով արևմտյան ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց պատմական բնակավայրերը»։