Հանրության մեջ բուռն քննարկումների և քննադատության արժանացած Փաշինյանի և իր կնոջ պահվածքը հետաքրքրեց նաև ինձ՝ ոչ միայն քաղաքական, այլև բժշկա-հոգեբանական տեսակետից։ Մանրամասն վերլուծելով նրանց հանրային կեցվածքը՝ ագրեսիան, վիրավորանքները, «կրթելու» արշավը, պիտակավորումները, եկել եմ մի վարկածի, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ և հիմնավորել։ Փաշինյանն ու իր կողակիցը զբաղվում են քաղաքական գազլայթինգով (անգլ.՝ gaslighting): Ի՞նչ է դա: Դասական իմաստով գազլայթինգը հոգեբանական բռնության տեսակ է, որի ընթացքում մի կողմը որոշակի մանիպուլյացիաների միջոցով մյուս կողմին ներկայացնում է՝ որպես «դեֆեկտավոր», թերի, ոչ լիարժեք՝ միաժամանակ ստիպելով դիմացինին կասկածել շրջապատող իրականության ադեկվատ ընկալմանը: