Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Մայիսի 27-ին համաժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի Ջերրի Փիլային, Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռիտա Ֆամոսին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի վարչության անդամներին, համաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ ևս մեկ անգամ միջազգային հարթակից բարձրաձայնվում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին։