ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է. «2021 թվականին Թուրքիայից և Ադրբեջանից նախաձեռնված «Շուշիի հռչակագրի» հնարավոր ընդլայնման գործընթացը դուրս է գալիս երկկողմ համագործակցության շրջանակներից և ստանում է տարածաշրջանային կոորդինացված դաշինքի բնույթ՝ կառուցված պանթուրքական գաղափարախոսության վրա։ Ուզբեկստանի հնարավոր միանալու շուրջ հայտարարությունները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի այլ թյուրքախոս պետությունների աճող հետաքրքրությունը, վկայում են «Մեծ Թուրանի» հայեցակարգի ինստիտուցիոնալացման գործընթացի մասին։ Այս հարթակի ընդլայնման տրամաբանությունը ներառում է Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը և Ղազախստանը՝ պետություններ, որոնք պատմականորեն, էթնոմշակութային և լեզվական տեսանկյունից մտնում են թյուրքական աշխարհի շրջանակներում։ Ավելի խորքային մակարդակում հնարավոր է նաև Սինցզյանում գործող թյուրքական համայնքների և կազմակերպությունների հետ փոխգործակցության ակտիվացում, ինչը ներառում է նաև Չինաստանի շահերի տիրույթը։ Հայաստանի համար նման զարգացումները նշանակում են արտաքին ճնշման համակարգային աճ և ռազմաքաղաքական մեկուսացման խորացում։ Նման դաշինքի ձևավորումը, որի առանցքում գտնվում են Հայաստանի հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող երկրներ, լրջորեն սպառնում է երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածաշրջանային հավասարակշռությանը։