Երրորդ նախագահի նախօրեի կարճ բրիֆինգը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր մաս դարձավ։ Առանց ինքնագովեստի, առանց պոպուլիզմի, առանց գերտերությունների հանդեպ ավելորդ ռևերանսների, առանց պաթոսի, բայց ազնիվ, հստակ, սթափ և իրատեսական գնահատականներով, տեսլականով։ Հասկանալի է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների շուրջ ձևավորված ճամբարներն ի վիճակի չեն բաց աչքերով, բաց ականջներով և բաց ուղեղով ընկալել Սերժ Սարգսյանի խոսքը, և դրա կարիքն էլ չկա։ Երրորդ նախագահի ուղերձների հասցեատերը նրանք չեն, այլ հյուծված, տարակուսած, սեփական դարդերի և հոգսերի մեջ թաղված ապատիկ հայ հասարակությունը, ում ուղեղը կեղծիքներով, ստերով, մեծ-մեծ խոստումներով և գեոպիլիտիկ հեքիաթներով լվանալու անխնա ջանքեր են գործադրում այս կամ այն ճամբարը սպասարկող քարոզիչները։