Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։