«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Արդեն երկրորդ տարին է, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված մայիսի 9-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում Շուշիին. մայիսի 9-ը նաեւ Շուշիի ազատագրման օրն է: Կար ժամանակ, որ հայ ժողովրդի համար այդ օրը եռատոն էր, նաեւ՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրը։ Հերիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մեզնից գողացան եռատոնը, անգամ չեն էլ հիշատակում, որ այդպիսի տոն է եղել։ Շուշիի մասին 2023 թվականին է վերջին անգամ Փաշինյանը հիշատակել․ «Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Սա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով»։ Իսկ այս տարի ուղերձում Արցախի բանակի եւ Շուշիի մասին ոչ միայն բառ չկար, այլեւ տեղեկացանք, որ պետական բոլոր պաշտոնյաներին, այդ թվում՝ ՏԻՄ ղեկավարներին են «բարձր» մակարդակով հրահանգել, որ իրենց ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը։