«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել։ Օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Մայիսի 2-ին ձերբակալել էին 2 անձի, որոնցից մեկը ՊԵԿ տեսուչ էր։ Նույն օրը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Արտաշատի ՄՌՈՒ-ի աշխատակից, ավելի վաղ՝ դատարան էին ներխուժել եւ բերման ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա ԲԴԽ-ից թույլտվություն ստանալուց հետո կաշառքի մեղադրանքով նրան կալանավորեցին։ Մի քանի օր առաջ էլ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Դանիելյանին եւ ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցների կալանավորեցին՝ բենզինի եւ պարգեւավճարների յուրացման մեղադրանքով։ Վերջին դեպքը երեկ էր՝ մայիսի 7-ին․ ոստիկանության Էջմիածնի բաժնի 9 ոստիկան ձերբակալվեց՝ հանցագործության դեպքը թաքցնելու համար։ Ձերբակալվածների թվում էր նաեւ բարձրաստիճան պաշտոնյա։