Հետևելով քաղաքական անցուդարձին և անսալով ՀՀ երրորդ նախագահի հայտնի հորդորին, երկար ժամանակ գրավոր խոսքի դադար էի վերցրել, ինչի շնորհիվ հիմնական զարգացումներն էլ ավելի ցցուն էին երևում։ Դաշտում մոլեգնող նիկոլիզմը չի սահմանափակվել միայն փաշինյանական թիմի «արեալով», այլև հետևողականորեն վարակել է ավելի լայն շրջանակ՝ Բրյուսելից մինչև մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ։ Սկսենք Բրյուսելից։ Անցած շաբաթ եվրոպական իշխող կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, որի դիտորդ անդամ ենք նաև մենք, փաշինյանական Հայաստանի մասին մի բանաձև էր ընդունել, որի նախնական տարբերակը պարզապես զավեշտ էր, իսկ ընդունվածը՝ որպես երևույթ, ուղղակի տհաճություն։ Հանրապետականը չոր արձագանքեց այդ երևույթին՝ նաև պաշտպանելով մայր-կուսակցությունը նիկոլական վիրուսի հետագա տարածումից։ Կանխատեսելի էր, որ իշխանական շրջանակները, խիստ դժգոհ լինելով փաստաթղթի վերջնական տեքստից, մասնավորապես՝ իմ քաղաքական բանտարկյալ կարգավիճակի վերաարձանագրումից և արցախահայության վերադարձի իրավունքի մասին շեշտադրումից, փորձեց մանիպուլացված տարբերակով շահարկել այդ տեքստը։ Բայց արի ու տես, որ նիկոլական մեդիաները քիչ էին, մի հատ էլ ՀՀ երկրորդ նախագահին սպասարկող որոշ միջոցներ, որոնք նաև բացահայտ ռուսամետ իմիջ ունեն, զարկ տվեցին Հանրապետականի հանդեպ չարախնդալու արշավին: Ավելորդ է հիշեցնել, որ ԵԺԿ-ն մեր անդամության տարիների ընթացքում մշտապես աջակցել է հայկական օրակարգին՝ Արցախի հարց, Ապրիլյան պատերազմ, Ցեղասպանության ճանաչում, ներքաղաքական իրավիճակ, CEPA և այլն: