Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կապակցությամբ, որը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։ Ակնհայտ է, որ այդ բանաձեւի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող Հայաստանի իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի օրակարգում է հայտնվել ԵԺԿ որոշ ազդեցիկ գործիչների անձնական լոբբինգի արդյունքում՝ առանց ԵԺԿ անդամ հանդիսացող հայաստանյան կուսակցությունների հետ նախնական քննարկման։ Նման գործելաոճը ոչ միայն դատապարտելի է, այլեւ ամբողջությամբ հակասում է ԵԺԿ սկզբունքներին եւ արժեքներին, որոնց մենք ականատես ենք եղել եւ մշտապես բարձր ենք գնահատել մեր անդամության ողջ տարիների ընթացքում։