Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել Հռոմի Պապի մասին: «Այո, Ձերդ Սրբություն, ծիրանը մենք համարում ենք հայկական միրգ։ Հիշում եք, մեր ծանոթության առաջին հանդիպումներին, երբ զրույցը երկարում էր, պաշտոնականից դառնում անմիջական, Ձեզ պատմեցի, որ դուդուկը պետք է պատրաստված լինի ծիրանի փայտից։ Դուք հարցրիք ինչո՞ւ, որ ձայնը լինի քա՞ղցր։ Պատասխանեցի՝ ոչ, հավանաբար այդ փայտն է դուդուկի հնչյունը ամենամոտը դարձնում մարդկային ձայնին։ Ինձ ընդհատեցիք նկատելով, թե՝ ոչ, պետք է քաղցր հնչի, մեր կյանքն առանց այդ էլ դառն է, այն պետք է միշտ քաղցրացնել։ Այդ երկխոսությունը հիշեցի 2015 թվականի պատմական պատարագի ժամանակ, երբ Սուրբ Պետրոսում հնչում էր հայկական դուդուկը։ Ես եղել եմ բազմաթիվ պատարագների, բայց միայն այնտեղ, Ձեր կամքով և որոշումով ծեսում հատուկ ընդգրկվեց և պատարագի ժամանակ հնչեց ծիրանածոր հայկական դուդուկը։ Ծիրանի պես քաղցր։