«Հարգելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, Այսօր Հայաստանում երիտասարդը հաճախ հայտնվում է բազում որոգայթների ու վտանգների մեջ և ստիպված է միայնակ հաղթահարել դժվարությունները՝ պետական կանխարգելիչ ինստիտուտների բացակայության կամ թերի աշխատանքի հետևանքով։ Անկախ խնդրի մեծությունից՝ երիտասարդը հաճախ մնում է մենակ ու անօգնական։ Սկսած դպրոցում բուֆետում ծախսված վերջին գումարից, որը նախատեսված էր երթուղայինով տուն վերադառնալու համար, մինչև առավել լուրջ ու խորքային մարտահրավերներ՝ հոգեբանական ճնշում, տարբեր աղանդավորական շարժումների ներգործություն, որոնք նպատակ ունեն հեռացնել երիտասարդին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց՝ տանել կեղծ միսիոնարության, հոգևոր ու ֆիզիկական ստրկացման, ինքնության կորուստի և ազգաքանդ մտայնության ուղով։