Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանը վերսկսել է հանրային տիրաժավորում տալ «խաղաղության պայմանագրի» մասին դիսկուրսին, իսկ նախօրեին էլ Ալեն Սիմոնյանը սփոյլ արեց, թե՝ «առաջիկա օրերին լավ լուրի սպասեք», և ոչինչ չորոշակիացրեց։ Սա խոսում է այն մասին, որ վերջին 6-7 տարիների ընթացքում Ալիևի կողմից իրականացվող «սալյամիի տակտիկան» իր հանգուցալուծմանն է մոտենում, որտեղ մենք բնավ շահեկան վիճակում չենք։ Թերևս քաղաքագիտական և մասնագիտական նեղ շրջանակներին է հայտնի, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում «սալյամիի տակտիկա» կոչվածը (salami tactics)։ Ըստ էության՝ սա քաղաքական կամ ռազմավարական հնարք է, որի դեպքում նպատակին հասնելու համար օգտագործվում է աստիճանական, փոքր քայլերի մեթոդը։ Այս գործընթացում փոփոխություններն իրականացվում են այդքան աննշան և փուլային ձևով, որ հակառակ կողմը կամ հանրությունը չի արձագանքում մինչև ուշ լինի։ Որպես պատմական ցցուն օրինակեր կարող ենք առաձնացնել նախորդ դարի 40-50-ականներին Հունգարաիյում Մատյաշ Ռակոշիի քաղաքականությունը (Ռակոշին աստիճանաբար վերացնում էր քաղաքական հակառակորդներին՝ թույլ չտալով ուժեղ ընդդիմություն), ինչպես նաև Գերմանիայի ընդլայնումը 1930-ականներին (Հիտլերի ռեժիմը փուլ առ փուլ խախտում էր Վերսալի պայմանագիրը, ընդլայնվում՝ առանց վճռական հակազդեցության հանդիպելու)։