«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով արբիտրաժային դատարան բավականին մեծ գումար է վճարել: Իհարկե, տարիներ շարունակ գաղտնի էր պահվում վճարված թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Փաշինյանի կառավարությունը արբիտրաժի դատական ծախսերի համար վճարել է 79 մլն 748 հազար դրամ, որը համարժեք է 200 հազար ԱՄՆ դոլարի: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) 2024 թվականի հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է, որ վարում է Միացյալ Նահանգներում գրանցված ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը։ Ըստ առկա տվյալների՝ արբիտրաժային գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին։ Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի բացումը կռվախնձոր էր դարձել կառավարության և բնապահպանների միջև: Ամիսներ տևած բողոքի ակցիաներից, անհնազանդության կոչերից և նստացույցերից հետո 2023 թվականի փետրվարին Կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Բնապահպանների ահազանգերից, տևական բողոքի ակցիաներից ու քրեական գործից հետո գործադիրը հայտարարում է՝ այլևս խոչընդոտներ չկան: