«Փաստ» օրաթերթը գրում է. Համաշխարհային մակարդակում պետական պարտքի հարցը շատ լուրջ քննարկումների թեմա է դարձել։ Պետական պարտքի ներգրավումը կարող է նպաստել երկրի տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը, պայմաններ ստեղծել բնակչության բարեկեցության համար, սակայն երբ խախտվում է պետության եկամուտների ու պարտքի հավասարակշռվածությունը, իրավիճակը դառնում է վտանգավոր։ Մի շարք պետություններ ուղղակի կքած են ահռելի պետական պարտքի բեռի տակ։ Այս երկրների կառավարություններն անընդհատ ավելացնում են պետական պարտքի ծավալներն այն պարագայում, երբ պետությունն ի զորու չէ դրան համապատասխան եկամուտներ ներգրավել, և բյուջեում հավասարակշռությունը խախտված է։ Երկարաժամկետ հեռանկարում պետական պարտքի չափից ավելի աճը կարող է խաթարել երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Եթե պետությունը մեծ պարտք ունի և չի կարողանում կամ շատ դժվարությամբ է վճարում պարտքի տոկոսները, ապա այդ դեպքում ներդրողները կարող են կորցնել վստահությունը երկրի տնտեսության հանդեպ, ինչն էլ կհանգեցնի ազգային արժույթի անկմանը։