«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մարտի 1-ի» գործը եւ սպանությունները բացահայտելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մինչ օրս չի բացահայտել այդ գործը եւ միայն արձան է դրել «Մարտի 1-ի» խորհրդով, այլեւ նրա ԱԳ նախարարը պարգեւատրել է մի պաշտոնյայի, որը մարտի 1-ի քաղաքական էջը փակել է նախորդ իշխանությունների համար: Նորվեգիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ եւ նրան պարգեւատրել ՀՀ Պատվո շքանշանով։ Պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք, որ Յագլանդը, շքանշանը ստանալուց հետո, մասնավորապես, հայտարարել է, թե «Մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ եւ նոր պրակտիկա ստեղծելու, եւ այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար»: Իսկ ինչ է արել, ինչ նոր օրենքներ ու պրակտիկա է ստեղծել ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը: