ՀՀ Ազգային Ժողովի սույն թվականի փետրվարի 11-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության ընթացակարգը մանրամասն կանոնակարգված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածով և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով: Ըստ այդմ` Եվրոպական Միությանը, որպես վերպետական միջազգային կազմակերպության, անդամակցելու գործընթացը մեկնարկելու իրավասությունը պատկանում է կառավարությանը, իսկ անդամակցության համար անհրաժեշտ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունումը` Ազգային ժողովին: Անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանրաքվեի միջոցով, որով անմիջականորեն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: Օրենքի նախագիծը իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է, քանի որ այն չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին և ո’չ ավելացնում, ո'չ պակասեցնում է վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ օրենսդրական պահանջները: Նախագիծն իր էությամբ հայտարարություն է, բայց ոչ օրենք, քանի որ այն չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ որևէ իրավասուբյեկտի համար: