Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները, տարիների ընթացքում Հայոց Բանակի և ուժային այլ կառույցների զարգացումը, հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր ժողովրդի մեծ մասը, անկախ անհատական վերաբերմունքից, հավաքական իմաստով միշտ դրական վերաբերմունք են ունեցել գեներալի կոչումը կրող հրամանատարների նկատմամբ: Գեներալներին պատվով ու հարգանքով էին վերաբերվում ամեն տեղ: Նրանք մեր բանակի հաջողությունների գլխավոր մարմնավորողներն էին: Ինչպիսի միջավայրում էլ լինեին՝ պատշաճ ուշադրության էին արժանանում: Կարծում եմ, որ պետությունն ու ժողովուրդը արժանին էին մատուցում բանակի գեներալներին՝ տարիների վաստակի, մարտական ուղղու և անբասիր ծառայության համար: Կային իհարկե որոշ գեներալների անվան շուրջ հյուսված բամբասանքներ, ասեկոսեներ, պատերի տակի զրույցներ, սակայն դրանք չէին ստվերում Հայոց Բանակի գեներալի՝ հավաքական դրական կերպարը: