«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր թիմը մեկնել են Լյուքսեմբուրգ, այնտեղից էլ կգնան Բելգիա, իսկ ծախսերի մեծ մասը «հոգացել» է պետբյուջեն։ Թե ինչ նպատակով՝ պաշտոնական փաստաթղթերում այդ մասին ոչինչ չկա, բայց փաստ է, որ ԱԺ նախագահի պատվիրակության կազմում ընդդիմադիրներ չկան, ոխերիմ թիմակիցներ չկան՝ այլ ընդամենը 2 ՔՊ-ական պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 3-5-ը ինքն իրեն պաշտոնական այցով «գործուղել է» Լյուքսեմբուրգ, ապա 6-8-ը՝ Բրյուսել։ ԱԺ նախագահի պաշտոնական պատվիրակության 11 հոգանոց կազմում ընդամենը 2 պատգամավորներ կան ՔՊ-ից, մեկը Արման Եղոյանը, մյուսը Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ Մյուսները ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են՝ լուսանկարիչ, օպերատոր, մամուլի քարտուղար, արարողակարգի բաժնի մասնագետ ու ղեկավար, արտաքին կապերի վարչության մասնագետ ու ղեկավար եւ խորհրդական՝ արդուկի գծով՝ Աշխեն Հայրապետյանը։