Հին կտակարանի այս սրբերի նահատակության մասին պատմվում է Մակաբայեցիների երկրորդ գրքի 6-րդ և 7-րդ գլուխներում: Ն. Ք. 2-րդ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանապետության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ազգերն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա իր որդիների ու եղբայրների հետ միասին ապստամբում է այս որոշման դեմ` հավատարիմ մնալով Աստծո Օրենքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Հուդան, ով իր քաջագործությունների շնորհիվ ստացավ Մակաբեոս հունական անունը, որ նշանակում է մրճահար, հարվածահար: Հետագայում նրանց ընտանիքին անվանեցին Մակաբայեցիներ: