«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեում մի շարք քրեական գործեր են քննվում ՊՆ-ին առնչվող։ Դրանցից մեկը վերաբերում է 10 ձնագնացների ձեռքբերմանը։ Բանն այն է, որ ՊՆ-ն եվրոպական արտադրության ձնագնացներ է գնել շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ գնով։ Նույն ձնագնացներից, բայց անհամեմատ ավելի ցածր գնով և փոքր քանակությամբ՝ ընդամենը 2 հատ, ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ձնագնացների ձեռքբերման հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։ Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին, որը համակարգում է մատակարարումների ոլորտը, հարցրեցինք ձնագնացների մասին, քանի որ սա ամենակարճ ճանապարհն էր տեղեկությունները ճշտելու։ Սակայն նա շնորհավորեց մեր բանակի տոնը և հորդորեց իրեն նամակ գրել, խոստանալով, որ կպատասխանի բոլոր հարցերին, եթե դրանք գաղտնիք չեն պարունակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մեր աղբյուրը հաստատեց՝ այո, նման վարույթ կա, բայց այն հարուցվել է ոչ թե վերջերս, այլ 2024 թվականին։