Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը։ Այս մասին ասված է Գարեգին Բ-ի ուղերձում։ «Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։