Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն: Այս մասին ասված է Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարության մեջ: «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների, և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։ Հայոց ցեղասպանության էության նենգափոխումը, կատարված ոճրագործության մասշտաբների մեղմացումը, Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին։ Հայաստանի կառավարության ղեկավարի ցնորամիտ ելույթները անարգանք են նաև Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ հետազոտող հայ և օտար գիտնականների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարյուրավոր մարդասերների, այդ ոճրագործությունն ընդունած տասնյակ պետությունների համար։