ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրառում է արել՝ անդրադառնալով նախօրեին ՄԻՊ-ի կողմից իր հասցեին հնչեցված գնահատականին. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում է ինձ պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և զերծ մնալ ՄԻՊ-ին քննադատելուց՝ սպառնալով քրեական օրենսգրքի հոդվածներով։ Տիկին Մանասյանին վրդովեցրել է իմ հրապարակումն այն մասին, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խայտառակ իրավիճակ է, և, որ, պատկան մարմինների, ինչպես նաև՝ ՄԻՊ-ի ձեռնարկած քայլերը բավարար չեն իրավիճակը շտկելու համար։ Անհասկանալի է, թե այստեղ ՔՕ ո՞ր հոդվածն է խախտված: Սա պարզապես խայտառակություն է, ոչ այլ ինչ, քան ինձ լռեցնելու փորձ․ եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար: Այնինչ, ՄԻՊ-ի իրական գործառույթը պետք է լիներ հենց իմ ահազանգի հետքերով գնալը: