Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն: «Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձեւավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական եւ խիստ վտանգավոր: Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ եւ ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում եւ վերածվում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական անկայունությունից եւ ունենալով Թուրքիայի անվերապահ եւ ամբողջական աջակցությունը, բազմապատկելով իր ռազմական կարողությունները, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնությամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով: