ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին, որոնք հունվարի 17-ին Մոսկվայում համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են պատրաստվում ստորագրել։ Հայ-ամերիկյան փաստաթղթի ուշադիր ընթերցողը կտեսնի, որ այնտեղ Իրանին ու Ռուսաստանին անհանգստացնող (եթե չասենք՝ սպառնացող) բազում դրույթներ կան։ Ստորագրված կանոնադրությունը, ըստ էության, Հայաստանը դարձնում է տարածաշրջանում ԱՄՆ վերահսկողական ծրագրերի իրականացման գործիք, որն ամեն պահ կարող է օգտագործվել թե՛ Մոսկվայի և թե՛ Թեհրանի դեմ։ Իսկ սա առնվազն նշանակելու է հակազդեցություն։ Ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման վայր, ինչը բազում վտանգներ է պարունակում մեզ համար։