«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին ու ազգականներին, քրքրել նրանց գործունեությունը՝ չնչին խախտումներ հայտնաբերելու դեպքում գործեր հարուցել։ Երեկ առաջին «ծիծեռնակը» որդին դարձավ՝ Հովսեփ Աղազարյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ Գեւորգ Պապոյանի ղեկավարած էկոնոմիկայի նախարարությունում էր աշխատում` գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական: Հովիկ Աղազարյանին ՔՊ-ից վտարելու հաջորդ օրը Աղազարյանի որդուն նախարարը փոխանցել է՝ ճիշտ կլինի, որ հեռանա: Մեզ պատմեցին, որ չնայած մտերիմները Հովսեփ Աղազարյանին խորհուրդ են տվել դիմում չգրել, որ հետագայում դատարանում պայքարի իր խախտված իրավունքների համար, փոխհատուցում ստանա, սակայն նա նույն օրը դիմումը դրել է նախարարի սեղանին։