Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարող է համարվել որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն․ միջազգային իրավունքի տեսանկյունից այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հեշտությամբ կարող է նույնացվել էթնիկ զտման հետ։ Երևանում դեկտեմբերի 12-13-ն անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային փոքրամասնությունների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին հատուկ զեկուցող Ֆեռնան դը Վարենը։ Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որակել որպես ցեղասպանություն՝ զրուցակիցն, այդուհանդերձ, նկատեց, որ իրականում ցեղասպանությունը միջազգային իրավունքում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք։