ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը Դամասկոսում Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է մարդասիրական օգնության ընդլայնման հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակում։ Դեկտեմբերի 16-ին Ֆլետչերը հանդիպել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ աշ Շարաայի հետ, որը հայտնի է Աբու Մուհամմեդ ալ Ջուլանի մականունով, և Սիրիայի անցումային շրջանի նախարարների կաբինետի ղեկավար Մուհամեդ ալ Բաշիրի հետ։ Քննարկվել են Սիրիայում վերջին իրադարձությունների ֆոնին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի ավելացման հարցերը։