Վերջին ամիսներին ընթացող քաղաքական քննարկումների ընթացքում, ի թիվս այլ՝ բազմիցս արծարծված հարցերի, մեր երկրի ազգաբնակչությանը բարոյական և իրավական նիհիլիզմի հասցրած որոշ գործիչների կողմից ասպարեզ նետվեց Արցախի հարցը Հայաստանի վզին «թոկի պես փաթաթելու» թեզիսը։ Սա մեր քաղաքական սյուռ բնանկարի վերջին վրձնահարվածն էր։ Դրան նախորդել էին անկլավների վերադարձման, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսելու վերաբերյալ թեզերը։ Չանդրադառանալով այս՝ բացարձակ հակաբարոյական, քաղաքական առումով՝ ստրկամիտ, իսկ իրավական առումով՝ հանցավոր և հանցածին մոտեցման բուն էությանը՝ գտնում եմ, սակայն, որ եկել է ժամանակն անդրադառնալու արցախահայության ինքնորոշման իրավունքի, արցախյան պահանջատիրության և Արցախահայության ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության, արդար փոխատուցման և ապագա ցեղասպանության կանխարգելման հարցերին՝ մեկընդմիշտ սաստելու համար այն զառանցական վայրահաչոցը, որն այսօր ամեն կողմից լցվում է արցախահայության գլխին՝ նպատակ ունենալով 21-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի զոհերին ենթարկել կրկնվող վիկտիմիզացիայի։ Այս «վիկտիմբլեյմինգն» (անգլ․ Victim blaming) իր հերթին լրջագույն վտանգի է ենթարկում արցախահայության՝ որպես մեր էթնոսի ինքնատիպ ու կոնսոլիդացված միավորի գոյությունն ինքնին՝ նպատակ ունենալով արցախահայության տարրալուծման և քայքայման ճանապարհով հասնել ազերական իշխանության կողմից սանձազերծված էթնիկ զտման, այն է՝ ցեղասպանության բուն նպատակին՝ վերացնել արցախահայությունը՝ որպես ժողովուրդ, որպես առանձին միավոր, որպես իր ինքնորոշման համար պայքարող միջազգային իրավական սուբյեկտ՝ դրանով իսկ վերացնելով ինքնորոշման՝ բնական և անքակտելի իրավունքի աղբյուրը։ Չկա ժողովուրդ, չկա և ժողովրդի ինքնորոշման իրավունք։