Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է Պոնտոսի (Սեբաստիա) Նեոկեսարիա քաղաքում ազնվականի ընտանիքում, շուրջ 210 թվականին: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստված նրա և իր եղբոր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթենքում, ապա Պաղեստինյան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակվա ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականին` Որոգինեսին: Նեոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրվում է քաղաքի եպիսկոպոս: Ավանդության համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին Նեոկեսարիայում հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ մահվան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անվան հետ կապված բազմաթիվ հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջությամբ կառավարեց թե իրեն վստահված թեմն ու ժողովրդին, թե եղավ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիվ աստվածաբանական երկեր: Նա վախճանվել է 270 թվականին խաղաղ մահվամբ: