Շատերի նման շարունակում եմ ապշել գործող վարչաոհմակի շարունակվող ցինիզմի, կարմիր գծերի տրորման և հավաքական բարոյականն անհատական անբարոյականի վերածելու վրա։ Շատերի նման զարմանում եմ հասարակության անտարբերության, դեմքին ճպցրած լորձն անձրևի անվան տակ հանդուրժելու և անհատակսն անբարոյականը որպես հավաքական նոր «բարոյական» ընդունելու պասիվ համաձայնության վրա։ Ախր ո՞նց, ախր խի՞, ախր ինչպե՞ս։ Չէ՞ որ մենք թասիբով ազգ ենք։ Չէ՞ որ մենք նամուսով ժողովուրդ ենք։ Չէ՞ որ … (լրացրեք ըստ ձեր ճաշակի՝ չմոռանալով, սակայն, որ «թասիբն» ու «նամուսը» արաբա-պարսկական ծագում ունեցող բառեր են)։ Ստեղծված իրավիճակը բացատրելու տարբեր վարկածներ են առաջարկվել, տարբեր փորձեր են արվել։ Եվ այդ «ախր»-ների և «չէ որ»-ների շուրջ երկար մտորելուց հետո մի բացատրություն էլ ես եմ ցանկանում ձեզ ներկայացնել՝ դիմելով աշխարհահռչակ մի դանիացու օգնությանը։