Պատասխան։ ԱՄՆ նորընտիր նախագահի հետ աշխարհի տարբեր մասերում տարբեր հույսեր են կապում։ Ակնհայտ է, որ այդ բոլոր սպասումները Թրամպի ընտրությունն արդարացնել չի կարող։ Հաճախ խոսվում է գեոպոլիտիկ լարվածության թուլացման հնարավորության մասին՝ ի նկատի ունենալով ուկրաինական պատերազմը։ Անշուշտ, այդ գլոբալ պայքարի թուլացումը որոշակի պատուհան կբացի նաեւ մեր տարածաշրջանում, որից օգուտով դուրս գալու համար կպահանջվի այս ռեժիմի օրոք անհնարին հմուտ դիվանագիտական խաղ։ Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը կփոխարինվի ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-Իրան տարաձայնությունների խորացմամբ, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում նոր զարգացումներով։ Թրամպի հաղթանակը ինձ համար կարեւոր էր նաեւ այլ դիտանկյունից։ Անկախ իր վրա կարվող տասնյակ գործերից, դատաիրավական եւ տեղեկատվական ռեպրեսիաներից եւ ճնշումներից նա ապացուցեց, որ պայքարող եւ գաղափարական մարդուն կոտրել հնարավոր չէ։ Սպանել, վերացնել հնարավոր է, բայց կոտրել՝ երբե՛ք։