«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Վերջերս կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը խոսել էր կոնյակի մասին, ասել, որ պարզել է` կոնյակը միայն խմիչք չէ, այլ նաեւ Ֆրանսիայում բնակավայր է, եւ հորդորել էր Հայաստանում արտադրվող կոնյակի անունը փոխել, անվանել ոչ թե «կոնյակ», այլ «բրենդի», քանի որ հայկական արտադրանքը չի կարելի «կոնյակ» անվանել։ Եվ «կոնյակ» բառն անգամ խոսակցական լեզվից է պետք հեռացնել: «Դա ինտելեկտուալ սեփականություն է, դա ուրիշի ոչ նյութական արժեքն է, սոլիդ չի ուրիշի ոչ նյութական արժեքը վերցնել։ Շատ դեպքերում արտահանման հետ կապված մեր խնդիրները կապվում են նրա հետ, որ շատ երկրներ այս դաշտը եւ շատ հասկացություններ ինստիտուցիոնալ են դարձրել»,- ասել էր նա։ Ապա իր ոճին համապատասխան դասախոսություն էր կարդացել, թե շամպայնը փրփրուն գինին է, որ արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույնն էլ՝ կոնյակը, որը ռեգիոնի անունն է: Դա այն բրենդին է, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից։ Իսկ Հայաստանում արտադրվող «բրենդին» չի կարող կոնյակ կոչվել: