«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել օրենքների մի փաթեթ, որոցով սահմանվում են քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգեր։ Այս փաթեթն ուշագրավ է հատկապես աղմուկ հանած խորհրդարանական վերջին լսումների համատեքստում, երբ երկրի թիվ մեկ՝ օրենսդիր մարմնում բախումներ տեղի ունեցան ՔՊ-ական պատգամավորների եւ Քննչական կոմիտեի ղեկավարի միջեւ, եւ հատկապես` ամբիոնից իր անվայելուչ վարքով աչքի ընկավ Քննչական կոմիտեի երիտասարդ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Ավելին՝ օրենսդրական այդ նախագիծը խորհրդարան է ուղարկվել հոկտեմբերի 15-ի լսումներից տասն օր անց, ինչը ՔՊ-ական որոշ շրջանակներում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Պարզվում է՝ գործող օրենսդրությամբ հիշյալ մարմինների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը բաց է եղել` կարգավորված չէ օրենքով։