«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հերթական խոստումը մնաց օդի մեջ կախված։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված՝ թեկուզ գաղտնիության ռեժիմով։ «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հայտնեց, որ փակ նիստ հրավիրելու հարցով նամակ չեն ստացել։