Սեպտեմբերի 27-ից սկսած հայկական հազարավոր օջախներում տեղի է ունենում իրար նմանվող նույն արարողությունը։ Տանը հավաքվում են հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ծառայակիցներ, քաղցր սեղանի շուրջ դառը սուրճ են խմում, հետո՝ տեղավորվում եկածների մեքենաներում, վերցնում պատից կախված նկարը, ճամփից ծաղիկ առնում և գնում Հայաստանով մեկ սփռված, որպես կանոն՝ եռագույններով դրոշմված գերեզմաններ։ Այդ շիրիմները կարող են տարբեր «ճոխության» լինել, բայց նրանց միավորում է երկու բան. ակնհայտ է, որ ընտանիքները վերջին գումարն են դրել այդ բազալտե նեկրոպոլների վրա, իսկ գերեզմանաքարերից մեզ վրա, որպես կանոն, նայում են երիտասարդ, ժպտերես, կենսուրախ և լիահույս աչքերով տղաների պատկերներ։ Մի բուռ խունկ, մի քանի ծաղիկ, թաքուբիր և մի տեսակ անվստահ խաչակնքումներ, ու… լիքը ցավ, լիքը հիշողություն ու լիքը դատարկություն… Տարեցտարի այդ օրերին եկողների թիվն էլ նվազում է։ Դա դարձել է բնական և կյանքի տհաճ, բայց անխուսափելի իրողություն։ «Չկարողացա», «չստացվեց գալս», «հրատապ գործ բացվեց, ներող», «երկրում չէի». բարոյական պարտքի բթացումը ու պանդեմիկ ունայնությունը «արժանահավատ» հիմնավորելու տարբերակները շատ են։