«Իմնեմնիմի»-ի գործով դատական նիստին որպես վկա հրավիրված Կարինե Ասլիկյանը հայտարարեց, որ անձնապես չի ճանաչում գործով անցնող Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, բայց որպես հաղորդավարները՝ «դեմքերը ծանոթ է»։ Մեղադրողը հարցրեց. «Նայել եք հաղորդումը, իրենց ճանաչում եք որպես հաղորդավարներ, «Իմնեմնիմի»-ի հաղորդումները նայելիս, բացի բուն բովանդակությունը, քննարկումները, վերլուծություններ, եղե՞լ է արտառոց բան, որ ձեզ դուր չի եկել»։ Վկան հստակ պատասխանեց. «Ոչ։ Բացասական էմոցիա չի եղել»։ Հարցին՝ հայհոյանքներ հնչե՞լ են հաղորդման ընթացքում, վկան ասաց. «Հնչել են, բայց հայհոյանքների իմաստը ես չեմ հասկանում, ինձ թարգմանիչ է պետք, որ ես հասկանամ հայհոյանքների իմաստը»։ Նա նշեց, որ հասկանում է՝ հայհոյանքը վիրավորական է, բայց իրեն բացարձակ տհաճություն, անհանգստություն չի պատճառել. «Հաղորդումը բազմաբովանդակ է, ինձ ավելի շատ դա է հետաքրքրել, քան հայհոյանքի մասը»։ Վկան ասաց, որ հաղորդումները դիտում է 2023 թվականից, իրեն շատ հետաքրքրել են։