«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարություններով քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)։ Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ քննչականի ղեկավարի եւ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ վեճի ընթացքում Քյարամյանը պնդել էր, թե իրեն առնվազն 2 անգամ դիմել են Աղազարյանի որդու քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»,- ասել էր Քյարամյանը։