Այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ COP 29-ի առիթով հեղինակած բանաձևը, որի քննարկումները տեղի ունեցան նախօրեին։ Պետք է ընդունել, որ այդ դեբատներն իրականում մի դարպասով խաղ էին, որի ընթացքում բոլոր ելույթները հարված էին Ալիևի արյունոտ ռեժիմին։ Նույնիսկ Եվրահանձնաժողովը ներկայացնող կոմիսար Նիկոլաս Շմիդտը գործադիր իշխանության համար բավականին կոշտ էր։ Կարելի է երկար վիճել, որ դա հերթական բլա-բլա-բլան էր, որ որոշ պատգամավորներ իրենց շահերն ունեն, որ նախապես աշխատանք է տարվել Հայ Դատի գրասենյակի, Հանրապետականի կամ Սփյուռքի կողմից։ Որ այդ ամենը ոչինչ չփոխող, իրական քաղաքականության հետ կապ չունեցող երևույթ էր։ Ինքս, ի դեպ, մի շարք նման կարծիքների հետ կհամաձայնեմ, մի երկու բան էլ ինքս կավելացնեմ։