ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության գործողկառավարիչները Ազգային ժողով են ներկայացրել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։ Այդ կանոնակարգի վավերացմամբ գործող վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խաթարող և հետագա տարածքային լրջագույն զիջումներ պարունակող գործընթացին։ Այդ խնդրին է լծվել նաև 2020 թ․ հունիսին Սահմանադրության հակասահմանադրական փոփոխության միջոցով ձևավորված Սահմանադրական դատարանի մեծամասնությունը, որը ս․ թ․ սեպտեմբերի 26-ին որոշել է, որ դրանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: