Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ոչ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու, ոչ Հայաստանին սպառնացող վտանգների և իրական առաջնահերթությունների հետ։ Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել եմ այդ արհեստածին օրակարգի առաջին հարցին՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու գեներացվող քննարկումներին։ Մի օր էլ կխոսեմ այդ թեզի հետևում կանգնած որոշ շահագրգիռ անձանց մասին։ Այժմ թույլ տվեք կարծիքս հայտնել հանրային քննարկումների թեմա դարձվող «նախագահները պիտի հեռանան» խոսույթի որոշ երանգների մասին, որոնց տարածման առաջամարտիկն է դարձել Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ում տարօրինակ քաղաքական խոսքը չի սահմանափակվում միայն այս հարցի շահարկումներով։