44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո երկրում տեղի ունեցող ներքաղաքական ընդվզումները, անկախ յուրահատկություններից, մասնակիցներից և առաջնորդներից, երկու հիմնական նմանություն ունեն. նախ, այդպես էլ չեն հասնում իրենց հիմնական նպատակներին, և երկրորդը՝ դրա հետևանքով հանրային դաշտում հանգեցնում են «մանդատները դրեք» թեզի անիմաստ շահարկումներին։ Հայտնի հանգամանք է, որ ինքս դեմ եմ եղել 2021-ի արտահերթ ընտրություններին ընդդիմության՝ ընդհանրապես, և ՀՀԿ-ի՝ մասնավորապես, մասնակցությանը։ Ավելին, պատերազմից 2 ամիս անց զորացրվելուց հետո անձամբ եմ խնդրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ չառաջարկել ինձ առաջադրվել արդեն այդ ժամանակ նշմարվող արտահերթին։ Ուստի ներկայիս փուլում մանդատները վայր դնելու քննարկումներին առավել քան օբյեկտիվ եմ և անաչառ։